ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Բարձրակարգ գրականագիտությունն ինքնագիտակցության բերող ամենամեծ արժեքն է»

«Բարձրակարգ գրականագիտությունն ինքնագիտակցության բերող ամենամեծ արժեքն է»
17.10.2014 | 11:11

«Իրատես de facto»-ի հյուրն է գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Մեր հանդիպման առիթը «XX դար: Հայ գրողներ» մատենաշարով լույս ընծայված «Գուրգեն Մահարի» մենագրությունն է: Զրույցը, իհարկե, ներառել է նաև այլ թեմաներ:

«ԻՄ ՆԱԽԱՍԻՐԱԾ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՆ ԵՆ ՏԵՂ ԳՏՆՈՒՄ ՄԱՏԵՆԱՇԱՐՈՒՄ»


-Պարոն Գասպարյան, Համո Սահյանն ասել է. «Եթե ասպարեզ են եկել Դավիթ Գասպարյանի նման քննադատներ, ապա քսպեները բան չունեն անելու: ՈՒրեմն և՝ 37-ի կրկնվելու վտանգն էլ չկա»: Գրականագիտությունն այնքան հզոր գործոն է, որ կարող է 37-ի նման ողբերգությունը կանխարգելե՞լ:
-Գրականագիտությունը շատ բարձր գործոն է: Մտավոր ոլորտի ամենաբարձր աստիճանն է: Այլ բան է, որ ցածրակարգ գրականագիտությունն ստեղծել է թյուր տպավորություն և մարդկանց պահել շփոթմունքի մեջ: Բարձրակարգ գրականագիտությունը, գրականությունը, գեղարվեստական ընթացքը ինքնագիտակցության բերող ամենամեծ արժեքներն են:
-«XX դար: Հայ գրողներ» մատենաշարով լույս եք ընծայել Պարույր Սևակին, Համո Սահյանին, Վահագն Դավթյանին, Ակսել Բակունցին, Գուրգեն Մահարուն նվիրված մենագրություններ: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հեղինակներին, ովքե՞ր կներկայացվեն առաջիկայում:
-Իմ նախասիրած հեղինակներն են տեղ գտնում մատենաշարում: Այս շարքում տեղ կունենան Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը, Հակոբ Կարապենցը: Առաջիկա ծրագրերում այս անուններն են:

«ՄԱՀԱՐԻՆ ԴԱՐՁԱՎ ՉԱՐԵՆՑՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ՉԱՐԵՆՑՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ ՈՒ ՄԵՏՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


-Հային սովորաբար բնորոշում են զոհի բարդույթով, ողբասացությունը համարում ազգային հատկանիշ: Մահարին` 19-րդ դարավերջի և 20-րդի առաջին կեսի բոլոր ողբերգությունների զոհը, որևէ պարագայում չդադարեց ժպտալուց: Այս մասին վկայում է նաև Ձեր գիրքը, որի ներածական խոսքը վերնագրված է «Դանակը` սրտում, ժպիտը` դեմքին»: Ժպտալու, ողբերգություններին ծիծաղով դիմակայելու շնորհի՞վ է, որ հայը կարողացել է անցնել իրեն պատուհասած անհաշիվ արհավիրքների միջով ու վերապրել, չոչնչանալ` իբրև տեսակ:
-Հայը ապրել է, որովհետև կյանքը շարունակվել է: Ապրել է տարբեր կերպ: Փրկված հայությունը, որ իր հայրենիքում էր, հայրենիք կերտեց կռվով, զոհեր տալով, կորուստներ ունենալով 1915-ին, 1937-ին, Հայրենական, ապա և արցախյան պատերազմի տարիներին: Հայությունը ապրել է նաև վերափոխվելով, այլասերվելով: Էնքա՜ն մահմեդականացած հայեր կան, էնքա՜ն կերպարանափոխված, այլազգի դարձած հայեր կան: Հայի տեսակի հարցը չէ էականը: Հայրենիքի հարցն է: Էն ուժն ու զորությունը, որ մեր գրողները, մտավոր աշխարհի մարդիկ դրել են հայրենիք կերտելու, հայրենիքի իդեան կյանքի կոչելու վրա, սերունդների ջանք է արժեցել: Րաֆֆին քնում-արթնանում էր հայրենիքի տեսլականով: Դա կար Աբովյանից, «Վերքից» սկսած: Այդ ճանապարհը մտովի անցնենք ու հասնենք Մահարուն: Նախ ինչո՞ւ ծնվեց այս գիրքը: Այն կարող էր չծնվել, եթե Մահարին իր երկրորդ շրջանի կյանքը չունենար, եթե մնար միայն 30-ականների մեջ: Եթե, լինելով Չարենցի ու Բակունցի կողքին` նույն միջավայրում, այդուհանդերձ չառանձնանար ու չդառնար ինքնություն: Նա գիտեր, թե ինչ է հայրենիքի ոգին: Վանի կարոտն էդ ի՞նչ անփարատ կարոտ է, ի՞նչ ապրում է, որ նրան դաժան 20-30-ական թվականներից բերեց-հասցրեց մինչև «Այրվող այգեստաններ»: Հայրենիք պահող էր Մահարին: Երկրորդ աքսորից վերադառնալուց` 1954-ից հետո, Մահարին դարձավ չարենցյան ներկայություն, չարենցյան չափանիշ ու մետր մեր գրականության, մեր իրականության մեջ: Նրանով էին պայմանավորված մեր միջավայրն ու մթնոլորտը: Այն, ինչ կիսատ թողեցին իր ընկերները 37-ին, Մահարին կարողացավ շարունակել ու բերել մինչև 1960-ականների վերջը: Մահարին հայրենիք ստեղծող, հայրենիքի ոգի պահպանող անձ էր` սկսած իր «Մանկություն», «Պատանեկություն» վիպակներից, որոնց պատճառով նրան հալածեցին` կոչելով էլ ազգայնամոլ ու ժողովրդի թշնամի, էլ Հայաստանը Խորհրդային Միությունից անջատող ու չգիտես ինչ: Մահարին շատ մեծ դեմք է, և ես այս գրքում աշխատել եմ նրա կերպարը ներկայացնել փաստագրական հենքի վրա` շրջանակը հնարավորինս լայն վերցրած: Ես ցույց եմ տվել, թե ովքեր էին Մահարու կողքին, ինչ միջավայրի մեջ էր նա: Առանձին գլուխներով են ներկայացվել նրա կյանքն ու ստեղծագործությունը, և այդ գլուխներից յուրաքանչյուրն առանձին վերցրած մի մենագրություն է:
-Մահարու անմահության գրավականը ինքնակենսագրական վեպերն ու վիպակներն են: Բայց նաև նրա պոեզիայում կան արժեքավոր նմուշներ, որոնց Դուք անդրադարձել եք: Հատկապես նկատի ունեմ «Բալլադ Չալոյի և առաջին սիրո մասին» և «Պոետ» չափածոները, որոնք էպիկական շնչով գրված գործեր են: Ասել է, թե նա պոեզիայի մեջ էլ հաջողում էր այն դեպքում, երբ դրանում էպիկական տա՞րր էր ներմուծում:
-Մահարուն պիտի կարողանան ճիշտ բնութագրել: Զարմանալի մի գոյություն էր նա: Տասնչորս տարեկանից սկսած` նա չափազանց հասուն մուտք ունեցավ գրականություն: Գրում էր բանաստեղծություններ, արձակ գործեր, քննադատական հոդվածներ: Խորքում արձակագիր և բանաստեղծ Մահարին միասնական են, նույն հզոր ներշնչանքի արտահայտությունն են: Եվ Մահարու արձակի մեջ այնքա՜ն բանաստեղծություն կա: Միևնույն ժամանակ նա ճշգրիտ էպիկական գրող է: Այնպիսի անուններ, փաստեր, պատմական անցուդարձեր է ներկայացնում, որ ապշել կարելի է: «Մանկություն», «Պատանեկություն», «Այրվող այգեստաններ» երկերում ամբողջ Վանն է` իր մարդկանցով, իր թաղերով, իր պատմությամբ: Մահարի բանաստեղծը, իհարկե, շատ առանձնացող է: Մահարին իր պոեզիայով բարդին դարձրեց խորհրդանշան, գերազանցեց Սահյանին: Մահարին շատ խոր, մեծ դեմք է, բայց ներկայանալու նրա արտաքին ձևը թեթև-մատչելի է: Նա պրոբլեմ չի ստեղծում, դժվարություններ չի ստեղծում իրեն մոտենալու համար: Նրա դռանը քարտուղարուհի չկա նստած, որ ասի` տեղում չէ, զբաղված է: ՈՒղիղ մտնում ես Մահարու մոտ, և դա հեշտացնում է նրա հետ շփումը: Բայց, այսուհանդերձ, Մահարին շատ լուրջ, շատ ծանրակշիռ կերպար է:

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՔՍՈՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ»


-Մի քաղվածք բերեմ «Գուրգեն Մահարի» մենագրությունից. «Այգեստանի տաք մոխիրների միջով Մահարին գնում էր դեպի Մհերի դուռ, դեպի Ագռավաքար, դեպի Վարագ և ձայնում` վեր կաց գերեզմանից, Հայո՛ց աշխարհ, Բիայնա՛ երկիր, դրախտայի՛ն Վան»: Այսօրվա գրականության մեջ էլ այդ թեմաներին անդրադարձը շատ տարածված է: Այս ասելով՝ նախ և առաջ նկատի ունեմ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, իհարկե: Վանի, Մհերի, Ագռավաքարի փնտրտուքի ու գտնումի թեմա՞ն է մեր ընթացքի կողմնորոշիչը, մեր հարատևելու գրավականը:
-Մեր հայրենիքը մնաց մի կողմ: Երկար տարիներ թուրքը սպանել, խորհրդային տարիներին էլ իշխող գաղափարախոսությունը դատապարտել է մեր ազգային հիշողությունը, Վանի հիշողությունը: Խորհրդային վարչակարգը թուրքից վատ վարվեց հայության հետ: Հիշողությունն էին անգամ դատապարտում ու դրա համար աքսորում մարդկանց: Մահարին շատ հարվածներ կրեց այդ պատճառով: 1950-ականների կեսերից կամաց-կամաց դեպի հայրենիք տանող ճանապարհը մտովի բացվեց: Հիմա, փա՛ռք Աստծո, մարդիկ կարողանում են գնալ, իրենց աչքով տեսնել Վանը: Մենք անապատի վրա նստած ժողովուրդ ենք: Սա մեր հայրենիքի անապատային, հեռավոր մի մասն է: Մեր բուն հայրենիքը Տարոնն է, Վասպուրականը: Եվ մեր գանձերն են այնտեղ, մեր արյան կաթիլն է այնտեղ, որի հետքերով պիտի գնանք: Դա պիտի արթնացնեն ժողովրդի մեջ: Գրողները կարթնացնեն, նկարիչները, երաժիշտները, թե ուրիշները, կարևոր չէ: Դա պիտի արթնանա: Մուշեղ Գալշոյանն ասում էր, որ մեզ անհրաժեշտ է գոնե հիշողությունը պահպանել, հետո ուրիշ ժամանակ կգա: Հիմա եկել է ուրիշ ժամանակը: Արցախը ազատագրված է, մի օր էլ Վան-Վասպուրականը կազատագրվի, մեր հայրենիքի մյուս տարածքները կազատագրվեն, եթե այդ ոգին պահպանեն մեր ժողովրդի մեջ: Ես ցավով նկատում եմ, որ ժողովուրդը ոգու պարտության, ներքին դավաճանության, ներքին դասալքության ժամանակներ է ապրում: Սա է ողբերգությունը: Հողը տեղում է, հայրենիքը տեղում է, հիշատակները պահպանվում են, բայց մարդը, հայ մարդն է այլասերվում, ձեռքից գնում: Ամեն միջոցի պատրաստ է դիմելու, միայն թե փախչի իր հայրենիքից: Սա երկու բացատրություն ունի. կա՛մ մենք ենք վատ հայրենիք ստեղծել, կա՛մ ինքը հայն է իր տեսակի մեջ վատը: Բայց բոլոր դեպքերում մարդը մարդ է և ուզում է ապրել:
-Ստալինյան հալածանքների տարիներին գրական դաշտում անհաշիվ զոհեր ունեցանք՝ Չարենց, Բակունց, Թոթովենց, Մահարի, Եսայան, Արմեն, այլք: Նրանք առավել շատ ունեն գրականագիտության և հանրության ուշադրության կարիքը, բայց այդ ուշադրությունը հավասարաչափ չի բաշխված: Ինչո՞ւ:
-Ես բոլորի անունից չեմ կարող խոսել: Դրա համար կան գիտությունների ակադեմիա, համալսարանական ամբիոններ: Ես անհատ Դավիթ Գասպարյանն եմ և անում եմ ավելի շատ գործ, քան էդ համալսարաններն ու ինստիտուտները միասին վերցրած: Նայեք իմ հրապարակած աշխատությունների ցանկը և կհամոզվեք: Ես ունեմ իմ նախասիրությունները և առաջնորդվում եմ դրանցով: Սա համակարգ է ինձ համար: Ես ունեմ հազարէջանոց գիրք` «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն»: Ես պիտի գնայի, այն ծայրից սկսեի փշուր-փշուր հավաքել իսկական արժեքներն ու հասնեի մինչև մեր օրերը: Ոչինչ չեմ թողնելու մնա աննկատ, անգամ մի լավ բանաստեղծություն, մի քառատող: Բոլոր լավ բաները փրկելով՝ պիտի բերեմ-դարձնեմ ազգային արժեք: Դրանք պիտի պահել, հիշեցնել, անընդհատ նորոգել, դարձնել մատչելի, որ մարդը տեսնի-վերցնի-ունենա:

«ՄՏԱՎՈՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ, ՕԱԶԻՍ՝ ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


-Կարո՞ղ ենք ասել, որ գրականության պատմությունն ազգի պատմությունն է:
-Կարող ենք ասել, որ հայ գրականության պատմությունը հայ ժողովրդի պատմության անմիջական անդրադարձն է ու շարունակությունը: Մերն այդպես է: Մերը ոչ այնքան գեղագիտական ուղղությունների պատմություն է, որքան ազգային մտածելակերպի, ազգային խնդիրների լուծման ասպարեզ: Դա շատ լուրջ բան է՝ սկսած Խորենացուց մինչև այսօր: Անգամ Տերյանը դա քննադատեց «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ: Բայց հենց ինքն էլ չխուսափեց դրանից ու գրեց «Երկիր Նաիրի» շարքը: Սա ենք մենք: Յուրաքանչյուր գրող իր ժողովրդի անցյալի և ներկայի պատմության կրողն է: Չես կարող ազգային գրող լինել՝ ժողովրդի գենետիկական խտացումներից դուրս: Իսկ գրող, մտավորական լինելն ու գիրք տպագրելն այսօր հեշտ չէ: Ցանկալի է, որ գիրքը հասնի ընթերցողին, որ ընթերցողը չկտրվի գրքից: Դժբախտաբար այսօր մեզանում մեկմեկու ճանապարհ են փակում, թույլ չեն տալիս երևալ: Մրցանակներ են տալիս ոչ այն գրքերին ու հեղինակներին, որոնք արժանի են իսկապես: Գիրքը պիտի իր ճանապարհը հարթի, բայց մեր իրականությունը շատ պղտոր իրականություն է, արժեքային համակարգը ոտնատակ տվող իրականություն: Մենք հիմա մտավոր անապատի մեջ ենք: Ապուշությունների տեղատարափ է համատարած: Մտավոր վստահություն է պետք մարդու հանդեպ, օազիս՝ կանաչ հրվանդան ստեղծելու համար:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ